«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Խոսքերն ուժեղ են, գործը՝ թույլ. ու՞ր է Վեհափառի վճռականությունը

Խոսքերն ուժեղ են, գործը՝ թույլ. ու՞ր է Վեհափառի վճռականությունը
29.05.2025 | 20:43

Այսօր Նիկոլը կառավարության նիստի ընթացքում հերթական անհարգալից արտահայտությունն արեց՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցուն։

«Չուլանացված են»՝ այսպես բնութագրեց նա եկեղեցիները, ակնարկելով, թե իբր դրանք վերածվել են պահեստների՝ լցված մետլախով, ցեմենտով ու հին շինանյութով։

Սա պարզապես կոպիտ լեզվական վրիպակ չէր, սա վերաբերմունք էր ձևավորված նիկոլական իշխանության կողմից, ոչ թե որևէ մեկի անձնական կարծիք, այլ պետական մակարդակով հնչեցված, բացահայտ արհամարհանք՝ ազգային սրբությունների նկատմամբ։

Նիկոլի և նիկոլականների հետ կապված ամեն ինչ պարզ է, նրանք 2018 թվականի ապրիլի 23-ից հետևողականորեն վարկաբեկում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և խարխլում նրա հիմքերը:

Այս իմաստով առավել տագնապալի է ոչ թե Նիկոլի արտահայտությունը, այլ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի նիկոլականության դեմ գործելու վճռականության բացակայությունը: Գործողության բացակայություն, որը զարմանալի չէ գոնե մեզ՝ հավատացյալներիս համար, որովհետև վերջին տարիներին այն զգացվում է ամեն անգամ, երբ Եկեղեցին դառնում է հարվածի թիրախ՝ ո՛չ միայն խոսքով, այլև գործով։

Մինչդեռ անցած տարիներին Վեհափառը բազմաթիվ անգամներ հանդես է եկել հնչեղ ուղերձներով, նա խոսել է ազգային ինքնության կարևորության, հոգևոր արժեքների պաշտպանման, եկեղեցու նկատմամբ աճող ճնշումների մասին, դիմել է ժողովրդին, իշխանությանը, մտավորականներին՝ կոչ անելով պահպանել հավատքի ու ազգային հիմքերի ամրությունը։

Բայց այդ բարձրագոչ բառերը մնացել են լոկ հայտարարություններ։ Որովհետև խոսքից հետո չի հետևել ոչ վճռական հետևողականություն, ոչ հասցեական դիրքորոշում, ոչ էլ իրական գործողություն՝ եկեղեցու անունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար։

Իսկ ասածիս բացակայության հետևանքն այսօր տեսանելի է ամենուր։

ՀՀ վարչապետը հարձակվում է եկեղեցիների վրա «չուլան» կոչելով, որովհետև գիտի՝ պատասխան չի ստանալու, գիտի, որ Վեհափառը կամ չի արձագանքի, կամ կարձագանքի այնպես, որ գործնականում ոչինչ չի փոխվի։

Եկեղեցին մեր պատմության մեջ երբեք միայն աղոթքի վայր չի եղել, այն եղել է առաջնորդության կենտրոն։ Երբ տարբեր ժամանակներում քաղաքական ու հասարակական գործիչները լռել են, հոգևորականներն են խոսել, երբ ճակատագրական պահեր են եղել, հենց եկեղեցին է առաջնորդել ժողովուրդը, իսկ այսօր երբ ազգովի նվաստացած, պարտված ու խոցված ենք մեր հոգևոր առաջնորդը կամ լռում է, կամ իր իսկ խոսքից գործի չի անցնում։

Ավելին, Եկեղեցին չկանգնեց իր իսկ հոգևոր եղբոր կողքին (բացառությամբ հազիվ մեկ տասնյակի հասնող բարձրաստիճան հոգևորականների), ով Նիկոլի ու նիկոլականության դեմ պայքարի դրոշ էր բարձրացրել և մինչ օրս շարունակում է սրբազան պայքարը, այլև հրաժարվեց միաբանվել հանուն Հայոց պետության ու հավատավոր Հայ ժողովրդի:

Այլև ներքին խոսակցությունների ժամանակ չմիանալը հիմնավորեց պայքարի անհեռանկար ու հաջողություն չունենալու կանխագուշակ մոտեցմամբ:

Եկեղեցու զանգերն առ օրս լուռ են, չկա նիկոլականության դեմ Հայ ժողովրդին համխումբ պայքարի հանող Առաքելական կոչնակը:

Սա սովորական դիվանագիտություն չէ, սա հարմարվողականության քաղաքականություն է։

Եվ այդ հարմարվողականությունը սպառնալիք է հենց Եկեղեցու հեղինակությանը։

Եթե խոսքն ու գործը չեն համընկնում, ապա վստահությունը քայքայվում է։

Իսկ երբ Կաթողիկոսը լռում է այնտեղ, որտեղ պետք է բարձրաձայն գործի, հավատացյալների մոտ սկսում է երերալ հավտքն առ Եկեղեցի, եկեղեցիականն ու հոգևորը։

Վեհափառը դեռ ունի հնարավորություն վերագտնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անփոխարինելի դերն ու առաջնորդողի պատասխանատվությունը, բայց ժամանակը սուղ է, իսկ հապաղելու գինը՝ չափազանց թանկ։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.Գ.

Այս ամենը գրում եմ հոգու խորը տագնապով, առանց ամբարտավանության, միայն ու միայն որդիական սիրով ու խոնարհությամբ:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ